2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական «հնգօրյա պատերազմից» հնարավոր չեղավ խուսափել Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած նախկին իշխանությունների չմտածված քաղաքականության պատճառով: Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 8-ին հայտարարել է Թբիլիսիի արվարձանում գտնվող Մուխաթգվերդի եղբայրական գերեզմանում:
«Այդ պատերազմից կարելի էր խուսափել: Փաստ է, որ Սահակաշվիլիի իշխանության չմտածված քաղաքականության արդյունքում մենք չկարողացանք այդ անել եւ ունեցանք կորցրած տարածքներ, տասնյակ հազարավոր հարկադիր վերաբնակներ, ովքեր այսօր էլ բավական ծանր պայմաններում են գտնվում»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով, 6 տարի անց Վրաստանը դեռեւս ուշքի չի եկել 2008-ին տեղի ունեցած ողբերգությունից:
2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում վրացական կողմից 412 մարդ է զոհվել, այդ թվում՝ 228 խաղաղ բնակիչ, 170 զինվորական եւ 14 ոստիկան: Վիրավորների թիվը 1.747 էր:
Պատերազմից կարճ ժամանակ անց պաշտոնական Մոսկվան ճանաչեց Աբխազիայի եւ Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) անկախությունը, ինչին ի պատասխան՝ Վրաստանը խզեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Վրաստանում Աբխազիան եւ Հարավային Օսիան գրավյալ տարածքների կարգավիճակ ունեն:





























