Բելառուսը օգոստոսի 19-ից կչեղարկի ուկրաինական ապրանքների ներմուծման լիցենզավորումը: Այդ մասին հաղորդվում է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում:
«Նշենք, որ նշված որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից Բելառուսի Հանրապետություն ուկրաինական ապրանքների ներմուծման լիցենզավորումը չի կիրառվի: Այսպիսով, փոխադարձ առեւտրում ներդրված ցանկացած սահմանափակում ամբողջությամբ վերացվում է», - հաղորդում է Բելառուսի ԱԳՆ-ն:
Բելառուսական գերատեսչությունում հույս ունեն, որ ապագայում Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ երկկողմ առեւտրա-տնտեսական խնդրահարույց հարցերը կլուծվեն խորհրդատվությունների եւ փոխշահավետ համագործակցության հիման վրա:
Օգոստոսի 5-ին միջազգային առեւտրի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը որոշում է ընդունել օգոստոսի 19-ից չեղարկել Բելառուսից ներմուծվող մի շարք ապրանքներից հատուկ մաքսատուրքերի գանձումը:
Մաքսային միությանը չանդամակցող երկրների որոշակի արտադրատեսակների նկատմամբ Մինսկի կողմից պարտադիր լիցենզավորում մտցնելուց հետո, Ուկրաինան հայտարարել էր սեփական ներմուծման արգելափակման մասին եւ մինչեւ 55%-ով բարձրացրել բելառուսական որոշ ապրանքների մաքսատուրքերը՝ գարեջուր, կաթնամթերք, հրուշակեղեն, սառնարաններ, անվադողեր եւ այլն:





























