Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաշվարկված քվեաթերթիկների 60%-ի տվյալներով, նախագահի ընտրություններում առաջատարն է: Նման տվյալներ է հրապարակել կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
19:50-ի տվյալներով, Էրդողանը հավաքել է 13.1 մլն ձայն (54.1%): Էքմելեդդին Իհսանօղլուի օգտին օգտին քվեարկել է 8.9 մլն մարդ (37%), իսկ Սելահադդին Դեմիրթաշը հավաքել է 2.1 մլն ձայն (8.9%): Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Անկարան եւ Ստամբուլը ձայների մեծ մասը տվել են Էրդողանին: Այս քաղաքներում երկրորդ եւ երրորդ տեղերը կիսում են, համապատասխանաբար, Իհսանօղլուն եւ Դեմիրթաշը:
Ընդհանուր առմամբ, գործող վարչապետի օգտին քվեարկել է 81 նահանգներից 61-ը: Ընդդիմադիր մի քանի կուսակցություններից միակ թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն ստացել է Էգեյան եւ Միջերկրական ծովերի ափերին տեղակայված 12 նահանգների, ինչպես նաեւ Էսքիշեհիրի աջակցությունը: Քրդամետ թեկնածու Սելահեդդին Դեմիրթաշին ավանդաբար աջակցում է երկրի հարավ-արեւելյան 8 նահանգների քրդական բնակչությունը: Քվեարթերթիկների հաշվարկը շարունակվում է:
Թուրքիայում ավարտվել են նախագահի՝ պատմության մեջ առաջին ուղղակի ընտրությունները: 1923 թվականից մինչ օրս Թուրքիայի հանրապետության ղեկավարին ընտրել է խորհրդարանը:





























