NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է տեսաբան Բեննի Ավնիի հոդվածը, որը տպագրվել է ամերիկյան «Newsweek» ամսագրում:
«Դա եղավ ինչպես ցանացած տեղում ցանկացած ընտրությունների ժամանակ: Քաղաքական թեկնածուները կասեն այն, ինչը պետք է հաղթելու համար», – ասաց ինձ մի թուրք դիվանագետ: Դիվանագետը, որը խոսեց անանունության պայմանով, նկատի ուներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին դիտողություններից մեկը, երբ նա Իսրայելին համեմատել էր նացիստական Գերմանիայի հետ: Այս խիստ համեմատությունը, ինչպես նաեւ «ուրիշների» վրա հարձակումները դարձան Էրդողանի նախընտրական հռետորաբանության հիմնական տարրերից՝ Թուրքիայի առաջին համազգային նախագահական ընտրություններում նրա համոզիչ հաղթանակին նախորդած մի քանի շաբաթներին:
Էրդողանը մի ժամանակ համարվում էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հուսալի դաշնակիցը մահմեդական աշխարհում: Սակայն ռասայական ավելի ու ավելի վիրավորական հռետորաբանությունը, ինչպես նաեւ թուրք ցուցարարների, մամուլի, դատական մարմինների եւ ոստիկանների վրա հարձակումները, նրա դեմ սկսված կոռուպցիայի գործը Վաշինգտոնի որոշ շրջանակներում նրան մերժված անձ դարձրին:
Սակայն ԱՄՆ-ն նրա կարիքն ունի հենց հիմա: Այն ժամանակ, երբ Իրաքի հյուսիսում պատերազմը թեժանում է, Ամերիկան պետք է հույսը դնի Թուրքիայի հետ համագործակցության վրա. ռազմավարական դաշնակից, որը պարծենում է ՆԱՏՕ-ում ամենաուժեղ բանակով՝ ԱՄՆ-ից հետո: Իսկ Թուրքիան գնալով ավելի ու ավելի է նշանակում «Էրդողան», որի իշխանությունը երկրի նկատմամբ ավելի խիստ կդառնա՝ անկարգ եւ խտրականություն սերմանող քարոզարշավի արդյունքում իր համոզիչ հաղթանակից հետո:
Բոլորովին չկատարելով ազգային միասնության մասին իր խոստումը՝ վերջին մի քանի ամիսներին Էրդողանը խաղարկել է իր համաթուրքական, սուննիական խաղաքարտերը նախագահության ողջ ճանապարհին: «Կա՞ արդյոք որեւէ էթնիկ խումբ, որը կարողացել է խուսափել Էրդողանի ատելությամբ լի արտահայտություններից», – թուրքական թերթին ասել էր Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական խոշոր կուսակցության պատգամավոր Մելդա Օնուրը օգոստոսի սկզբին՝ հեռուստատեսությամբ վարչապետի հարցազրույցը դիտելուց հետո: «Ինձ ասեցին, որ վրացի եմ, ավելին, մի մարդ վեր կացավ եւ ինչ-որ վիրավորական բան ասաց՝ հայտարարելով, որ հայ եմ», – ասել էր Էրդողանը թուրքական «NTV»-ի հարցազրույցում՝ հավելելով. «Ինչպես իմացա իմ հորից եւ պապից, ես թուրք եմ»:
Թուրք դիվանագետը, որը Էրդողանի թունոտ արտահայտությունը կապել է քաղաքական թեժ քարոզարշավի հետ, նշել է, որ այժմ, երբ Թուրքիայում ավարտվել են ընտրությունները, եւ հաղթել է Էրդողանը, Թուրքիան կվերադառնա կենտրոնամետ քաղաքականությանմ որով առանձնանում էր նրա ուղին անցյալում, ինչպես նաեւ կվերականգնվեն լավ հարաբերությունները Ամերիկայի հետ: Եվ իսկապես, կիրակի իր հաղթական ճառում «Նոր Թուրքիա» հռչակելով՝ Էրդողանը խոստացել է լինել նախագահ ոչ միայն իր օգտին քվեարկողների համար:




























