Աշխատանքային այցով այսօր՝ օգոստոսի 13-ին, Շիրակի մարզ է այցելել Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ամասիայի տարածաշրջանի մի շարք համայնքներում նա մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանի եւ Հարություն Արշակյանի ուղեկցությամբ ծանոթացել է արոտների ջրարբիացման ծրագրի ընթացքին եւ դիտարկել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մինչ այդ, նախարարն այցելել է Աշոցք, Ձորաղբյուր եւ Կարսար համայնքներ, որտեղ օգոստոսի 11-ին տեղացած կարկտի հետեւանքով մի շարք ցանքատարածքներ էին վնասվել: Սերգո Կարապետյանը եղել է կարկտահարված դաշտերում եւ խոստացել հնարավորինս աջակցել գյուղացիական տնտեսություններին: Զրույցի ընթացքում գյուղացիներն առաջին հերթին խնդրել են երկարացնել գյուղատնտեսական վարկերի մարման ժամկետները, վերանայել սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակում ստացած սերմերը վերադարձնելու, ինչպես նաեւ գարնանացան գարու եւ աշնանացան ցորենի սերմացուների տրամադրման հարցերը: Նախարարը նշել է, որ տուժած յուրաքանչյուր տնտեսությանը ցուցաբերվելու է անհատական մոտեցում` կախված վնասի իրական չափերից:

Նախարարի հաջորդ կանգառը եղել է Ծաղկուտ համայնքը, որտեղ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի շրջանակում հիմնվել է 32 անդամից բաղկացած անասնապահական կոոպերատիվ:

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի հիմնական նպատակն է՝ զարգացնել անասնապահությունը Հայաստանում, հատկապես այն համայնքներում, որտեղ անասնապահությունը գերակա ուղղություն է համարվում: Ծրագրի շրջանակում ստեղծված կոոպերատիվներին տրամադրվում է նաեւ գյուղատնտեսական տեխնիկա, մատուցվում են անասնաբուժական ծառայություններ:

Ծաղկունքի կոոպերատիվի ղեկավար Անդրանիկ Եղոյանը նախարարին համառոտ ներկայացրել է իրենց գործունեությունը՝ տեղեկացնելով, որ ներկայում ունեն  1200 խոշոր եւ 1350 մանր եղջերավոր անասուններ: Նա նաեւ նշել է, որ կոոպերատիվում արտադրվող կաթի մթերման գինը կազմում է 170 դրամ: Կոոպերատիվի անդամները հատկապես առանձնացրել են ոչխարի մսի իրացման խնդիրը: Նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականին կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը, ինչի արդյունքում շղթան կամբողջացվի:

Շիրակի մարզ այցի ընթացքում նախարարը եղել է նաեւ Աղվորիկ, Ախուրյան եւ Կառնուտ համայնքներում, որտեղ դիտարկել է ցորենի, գարու, ոսպի, հաճարի, կարտոֆիլի եւ գյուղատնտեսական այլ մշակաբույսերի ցանքերն ու տեղեկացել արձանագրված արդյունքների մասին:

Գյուղացիները հատկապես գոհունակություն են հայտնել այս տարվա կարտոֆիլի բերքի ծավալից ու որակից՝ ընդգծելով, որ կարտոֆիլի ցանքը բարձր բերքատվություն է ապահովում: Նախարարն այցելել է ֆերմերներ Մամիկոն Ղազարյանի եւ Հովհաննես Գաբոյանի տնտեսություններ, որոնք այս տարի հեկտարից միջինը շուրջ 40-50 տոննա բերք են սպասում: Ֆերմերները հույս ունեն, որ այս տարի եւս իրացման խնդիրներ չեն ունենալու:

«Չնայած տեղացած կարկուտին` Շիրակի մարզում հացահատիկի լավ բերք է սպասվում, քանի որ այս տարի 3000 հեկտար ավել ցանք է կատարվել, որից միայն 2200 հեկտարը հացահատիկային մշակաբույսերն են կազմում: Պետության կողմից մատչելի պայմաններով տրամադրվող բարձրորակ սերմերն ունեն բարձր վերարտադրողականություն, ինչը նպաստել է նաեւ հեկտարից ստացվող միջին բերքատվության աճին: Եվ դա մեզ հույս է ներշնչում, որ կգերազանցվեն   նախորդ տարվա ցուցանիշները»,- ամփոփելով այցը` նշել է նախարար Սերգո Կարապետյանը: