Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունն ավելացնելու հարցը կլուծվի սեպտեմբերի 4-5-ին՝ դաշինքի Ուելսում կայանալիք գագաթաժողովին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի աղբյուրը: Վերջինս մեկնաբանել է Reuters գործակալությանը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հարցազրույցը, որը հայտարարել էր, թե դաշինքի անդամ երկրները մոտ են Արեւելյան Եվրոպայում իրենց զորքերի ներկայությունն ավելացնելու վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերմանը:
Ըստ աղբյուրի՝ գագաթաժողովում ներկայացվելու է դաշինքի գործողության ծրագիր՝ «եվրոպական պետությունների անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ»:
Պետության ղեկավարները պետք է որոշեն, թե Արեւելյան Եվրոպայում որ սպառնալիքներն են իրական համարում, իսկ որոնք՝ մտացածին, եւ դրա հիման վրա կողմնորոշվեն՝ ուր տեղակայել զորքերը, ինչպես համալրել եւ ապահովել աջակցությունը: Բացի դրանից, դաշինքը մտադիր է զորավարժությունների նոր ծրագիր ընդունել եւ հաստատել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ընդլայնումը, որի թիվն այսօր կազմում է 25 հազար մարդ:
Մինչդեռ, դաշինքի առանձին երկրներ շարունակում են պնդել Արեւելյան Եվրոպայում խոշոր ցամաքային եւ ծովային կայաններ ստեղծելու անհրաժեշտությունը:




























