Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ օրենք է ընդունել, որը թույլատրում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ընկերություններին վարձակալության հանձնել Ուկրաինայի գազատարը: Օրենքն ընդունելուն կողմ են քվեարկել 228 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ից:
Ըստ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի՝ գազատարի վերահսկողությունն ամբողջությամբ կպահպանի Ուկրաինան: Օրենքում նշված է, որ «խողովակի» մասնավորեցումն անհնար է, ընդգծել է նա, փոխանցում է «Կորեսպոնդենտը»:
«Գազատարի սեփականությունը եւ վերահսկողությունն ամբողջությամբ մնում է Ուկրաինայի իրավասության ներքո: Հեշտ չի լինի ներդրող ներգրավել, սակայն սա հնարավորություն է առարկայական բանակցություններ սկսել ներդրողների հետ», - նշել է Յացենյուկը:
Օրինագծում արված փոփոխություններից է ապագա գազատարի ամբողջական աուդիտը Ուկրաինայի կառավարության կողմից:
Ավելի վաղ Յացենյուկը բազմիցս հայտարարել էր, որ Կիեւը պատրաստ է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներդրողների հետ քննարկել գազատարի համատեղ շահագործումը եւ արդիականացումը: Ըստ նրա՝ մի շարք եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների արդեն ուղարկվել են համապատասխան առաջարկություններ:





























