ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ կապված այն փաստի հետ, որ ավագ դպրոցն էքստեռն (թռիչքային) կարգով ավարտած 39 աշակերտների թույլ չի տրվում մասնակցել բուհական ընդունելություններին: Նման արգելք սահմանվել է ԿԳ նախարարի հրամանով:

Օմբուդսմենի նամակում մասնավորապես, ասվում է. «Չանդրադառնալով էքստեռն քննություն հանձնելու հնարավորության իրավական կողմին` այնուամենայնիվ, մեզ մոտ առաջացել են հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն: Մասնավորապես.

1.Արդյո՞ք դպրոցն օրենսդրության խախտմամբ ավարտելու հանգամանքը չէր կարող պարզ դառնալ ԲՈՒՀ ընդունվելու հայտ ներկայացնելու` համապատասխան փաստաթղթերը հանձնելու փուլում,

2.Դպրոցն ավարտելու համար ո՞ր դասարանում պետք է ուսումը շարունակեն այդ աշակերտները,

3. Ինչո՞ւ  քննություններին մասնակցելն արգելելու մասին պատշաճ չեն ծանուցվել դիմորդները (ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` հեռախոսազանգով են տեղյակ պահել այդ մասին),

4. 39 աշակերտների էքստեռն փոխադրման քննությունները տեղի են ունեցել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 26.11.2009 թվականի N 949-Ն հրամանից հետո՞, թե` ոչ,

5. Եթե 39 դիմորդներից ոմանք կարողացել են հանձնել միասնական քննություններ, ապա դա չի ժխտում էքստեռն կարգով փոխադրվելը մեկ տարով կասեցնելու նախարարության այն պատճառաբանությունը, որ ավագ դպրոցի եռամյա ծրագիրը հնարավոր չէ յուրացնել մեկ տարում,

6. Արդյո՞ք 39 աշակերտների էքսեռն փոխադրումը տեղի է ունեցել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 29.01.2007 թվականի N 39-Ն հրամանով հաստատված «Էքստեռն փոխադրական եւ ավարտական քննություններ կազմակերպելու» կարգի 6-րդ կետի համաձայն, ըստ որի` 10-րդ դասարանների աշակերտների համար` մինչեւ տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը, աշակերտի ծնողը, դասղեկը եւ երեքից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով: Մանկավաժական խորհուրդը քննարկման հիման վրա ընդունում է որոշում` երաշխավորելու եւ նախարարությանը միջնորդելու աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու վերաբերյալ: Մանկավարժական խորհրդի որոշումը դպրոցի տնօրենի կից գրությամբ, աշակերտի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին (եռօրյա ժամկետում) ներկայացվում է նախարարություն եւ մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) կրթության վարչություն` փոխադրական քննություններ հանձնելու համար: Քննություններ անց են կացվում նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, որը նախագահում է ՀՀ ԿԳ նախարարը:

7. Ինչո՞ւ պետք է պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված սխալների հետեւանքով տուժեն աշակերտները, որոնք որեւէ իրավական ակտ չեն խախտել:

Նկատի ունենալով, որ նամակում բարձրացված հարցերն ունեն հրատապ լուծման կարիք, ինչպես նաեւ այն, որ դեռեւս կան հնարավորություններ 39 դիմորդներին թույլատրելու մասնակցել ընդունելության քննություններին, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ քննարկել վերոգրյալը եւ արդյունքների մասին տեղեկացնել ինձ` հնարավորինս սեղմ ժամկետում»: