Հարուստները պետք է վճարեն աղքատների համար, առողջները՝ հիվանդների համար։ Պետք է ներդնել հիվանդության կանխարգելման քաղաքականություն, ինչպես նաեւ առողջության պարտադիր ու կամավոր ապահովագրություն՝ սրանք այն չորս սկզբունքներն են, որոնց հիման վրա կառուցված է Հայ ազգային կոնգրեսի առողջապահության հանձնաժողովի հեղինակած «Առողջության պահպանման քաղաքականություն» ծրագիրը։ Այսօր՝ հունիսի 15-ին ՀԱԿ գրասենյակում տեղի ունեցավ այդ ծրագրի ներկայացումը։
«Հայաստանի իշխանությունները չունեն առողջապահության ոլորտին վերաբերող քաղաքականություն եւ այդ մասին միայն լոլոներ են հնչեցնում»,-ծրագրի տնտեսագիտական մասի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ,Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա միաժամանակ հավելեց, թե ողջ առողջապահական համակարգն այսօր տնօրինում է երեք մարդ, որոնցից մեկն էլ Առողջապահության նախարարն է։ «95 տոկոսով Հայաստանի առոջապահությունը լավ ստարտային վիճակում էր, քանի որ աղետի գոտի լինելու հանգամանքով պայմանավորված՝ Հայաստանը ստացել էր նորագույն առողջապահական սարքավորումներ։ Սակայն 95 տոկոս ստարտային պայմաններում առողջապահության ոլորտն այսօր չի աշխատում,այլ հետադիմում է։ Իսկ տարբեր՝ վարչապետի, նախարարի մակարդակով արվող հայտարարություններն ընդամենը նպատակ ունեն անձնական շահեր ներմուծել առողջապահութան համակարգ, սակայն ոչ մի քայլ չանել»,-հայտարարեց Բագրատյանը։
Ըստ ՀԱԿ առաջարկած ծրագրի,պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցները վաուչերների տեսքով պետք է տրվեն հիվանդներին, որոնք էլ,ըստ իրենց հայեցողության, կարող են օգտվել այս կամ այն հիվանդանոցից։ Այսպիսով՝ կկանխվի առողջապահության ոլորտին հատկացված պետական միջոցների կուտակումը մի քանի առողջապահական կլինիկաներում։ «Պետության կողմից հատկացված մոտ 60 միլիոն դրամը այսօր կիսվում է մի քանի կլինիկաների միջեւ, որոնց տերերը իշխանության ներկայացուցիչներ են»,-նկատեց նախկին վարչապետը։ Ծրագրի իրականացմամբ, ըստ Բագրատյանի, պետությունը կկարողանա վերահսկել առողջապահության ոլորտն՝ իր ստանդարտներով, ինչպես նաեւ կկարողանա ձեռնարկվել քայլեր՝ առողջապահության համակարգում մրցակցություն ապահովելու համար։




























