ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ցավում է Շվեյցարիա իր այցի չեղարկման շուրջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Երեկ երեկոյան ես իմ շվեյցարացի գործընկերոջից առաջարկություն ստացա տեղափոխել Ռուսաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 200-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մեր ծրագրված հանդիպումը: Իրապես ցավում եմ, որ բաց է թողնվել հանդիպուների անցկացման այսպիսի խորհրդանշական առիթը», - հայտարարել է Նարիշկինը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նարիշկինը նաեւ նշել է, որ Շվեյցարիան հավատարիմ չի մնացել չեզոքության իր սկզբունքին, որը թույլ կտար օբյեկտիվ դիրքորոշում զբաղեցնել եւ բարդ խնդիրների վերաբերյալ լսել երկու կողմերի տեսակետները:
«Տվյալ դեպքում, ակնհայտ է, որ մեր շվեյցարացի գործընկերները հարկադրված են եղել դավաճանել այդ սկզբունքին՝ արտաքին ճնշման ազդեցության տակ: Ցավալի է, իհարկե, սակայն պետք է ասեմ, որ սա ուժեղ, ինքիշխան եւ ժողովրդական պետության խորհրդարանին պատիվ չի բերում», - նշեց Նարիշկինը:





























