Թուրքիայի իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ աստիճանաբար պետք է հասնել նրան, որ Թուրքիայի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունները վերականգնեն իրենց լեզուն, կրոնը եւ մշակույթը: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արագած Ախոյանը՝ անդրադառնալով թրքացված հայերի խնդիրներին:

Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները հասկանում են, որ տարածաշրջանում ժողովրդավարական երկիր լինելու համար պետք է դեմ առ դեմ կանգնի իր սեփական պատմությանը: «Առանց հայերի, հույների, ասորիների ցեղասպանության ընդունման եւ դրա հետ կապված խնդիրների լուծման Թուրքիան չի կարող երեն որակել որպես քաղաքակիրթ երկիր: Միջոցառումներից մեկի ժամանակ թուրք մասնագետները գաղափար հնչեցրին, որ այդ խնդրի լուծումն անհրաժեշտ է, առաջին հերթին, Թուրքիայի համար, քանի որ թուրքական հասարակությունը հոգնել է ապատեղեկատվությունից», - նշեց Արագած Ախոյանը: Նրա կարծիքով, Թուրքիայի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ այս հարցերը թուրքական պետության անվտանգության համար լուրջ խնդիր կդառնան: