Վերջին երեք օրում Նեպալում տեղատարափ անձրեւների պատճառ դարձած ջրհեղեղներից եւ սողանքներից 53 մարդ զոհվել, եւս 75-ն անհետ կորել են: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

«200 –ից ավելի տներ հիմնովին ավերվել են, հարյուրավորները շարունակում են մնալ ջրի տակ», - ասվում է ՆԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ըստ կառավարության տվյալների՝ տարերքի հարվածից տուժել են  75 վարչական շրջաններից մոտ 20-ը:

Ներկայումս տուժած շրջաններից տարհանվել է արդեն 3,5 հազար մարդ: Նրանց արդեն տեղավորում են մոտակա դպրոցներում եւ այլ շինություններում: Նշվում է հարկադիր վերաբնակեցվածների հոգեկան եւ ֆիզիկական ծանր վիճակի մասին: Նրանցից մոտ 40-ն արդեն հոսպիտալացվել են:

Նեպալում եւ Հնդկաստանի մեծ մասում հուլիսից սեպտեմբեր վրա է հասնում հորդառատ անձրեւների տարեշրջանը, որն ամեն տարի հանգեցնում է ջրհեղեղների եւ սողանքների: Միայն այս տարեսկզբին սողանքների հետեւանքով Կատմանդուից 60 կմ հյուսիս-արեւելքում զոհվել էր 156 մարդ: