Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը քննադատել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթին Միացյալ թագավորության կազմից դուրս չգալու Էդինբուրգին ուղղված կոչերի պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էբոթը Լոնդոն կատարած իր այցի ժամանակ Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի առանձնացմանը դեմ էր հանդես եկել: Times-ին տրված հարցազրույցի ժամանակ Էբոթն ասել էր, որ «դժվար է հասկանալ՝ անկախ Շոտլանդիան ինչպե՞ս կօգնի աշխարհին»:

Շոտլանդիական ազգային կուսակցության առաջնորդ Սալմոնդը հայտարարել է, որ Ավստրալիայի անկախությունը դրան ոչ մի կերպ չի վնասել՝ Էբոթի խոսքերը որակելով վիրավորական, կեղծավոր եւ հիմար, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը: 

Էբոթն ընդգծել էր, որ Մեծ Բրիտանիային մասնատված տեսնել ցանկացողները «արդարության կամ ազատության բարեկամներ չեն»:

Ավստրալացի վարչապետը նաեւ նշել է, որ այն երկրներըր, որոնք ողջունում են իրադարձությունների նման զարգացումը, «ամենահաճելի ընկերակցությունը չեն»:

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 18-ին: