Ներկայումս Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ լայնամասշտաբ պայքար է ընթանում. յուրաքանչյուր կողմ փորձում է հնարավորինս շատ կողմնակիցների ներգրավել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով ԵՄ-ի Խորհրդի՝ երրորդ երկրներին եւ թեկնածու երկրներին (ԵՄ-ին միանալու) ուղղված ռուսական արգելող միջոցառումների ներդրման պատճառով առաջացած առեւտրային նոր հնարավորություների օգտագործումից խուսափելու հայտարարությունը:

Տնտեսագետն ընդգծեց, որ Հայաստանը փոքր երկիր է: «Ի՞նչ պետք է մենք անեինք, որ չենք արել: Մենք, ինչ է, պետք է միանանք ԱՄՆ-ին կամ Եվրամիությա՞նը: Մենք պետք է հասկանանք, որ ունենք անվտանգության խնդիր: Տասնամյակների ընթացքում Ռուսաստանը պաշտպանել կամ գոնե այնպես է արել, որպեսզի մեր վրա հարձակումներ չիրականացվեն: Մոտ 3 մլն հայ է բնակվում Ռուսաստանում, մենք չենք ցանկանում նրանց արտաքսեն», - նշեց Բոստաջյանը: Միաժամանակ, նա հավելեց, որ Հայաստանը չպետք է ամեն կերպ պաշտպանի Ռուսաստանին: «Տվյալ դեպքում մենք պետք է չլսենք, կամ այնպես անենք, իբրեւ չգիտենք՝ ինչի մասին է  խոսքը: Մենք չպետք է ռեւերանսներ անենք», - կարծիք հայտնեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Եվրամիության Խորհուրդը հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես ասվում էր. «Միջազգային հանրության միասնությունն ապահովելու եւ միջազգային օրենսդրությանը հետեւելու համար՝ Եվրամիությունը երրորդ երկրներից ու ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներից ակնկալում է, որ նրանք զերծ կմնան միջոցառումներից, որոնք ուղղված են նոր առեւտրային հնարավորությունների օգտագործմանը, որոնք ծագում են այդ միջոցների կիրառումից հետո»: