Ինդոնեզիայի արեւելքում զբոսաշրջային նավի խորտակման հետեւանքով 15 մարդ է կորել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն հաջորդ օրը:

Նավը, որում օտարերկրյա 20 զբոսաշրջիկ ու տեղի 5 բնակիչ է եղել (անձնակազմի անդամներ), Լոմբոկ նավամատույցից ուղեւորվել է Կոմոդո կղզի: Ձկնորսներն ու արտակարգ իրավիճակների աշխատակիցները փրկել են 10 մարդու:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, կորած զբոսաշրջիկների թվում Մեծ Բրիտանիայի, Նոր Զելանդիայի եւ Իսպանիայի քաղաքացիներ կան:

Ներկայում մնացած 15 անձանց որոնողական աշխատանքներ են տարվում: Փորձում են նաեւ պարզել միջադեպի հանգամանքները: