Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը դեմ է արտահայտվել անկախ քրդական պետության ստեղծմանն Իրաքի հյուսիսում: Այս մասին հաղորդում է «DW»-ն՝ վկայակոչելով «Bild am Sonntag»-ին:
«Քրդերի անկախ պետությունը դեռ երկար կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում եւ կարող է նոր լարվածություն առաջացնել Իրաքի ու հարեւան երկրների միջեւ»,- ասել է գերմանական դիվանագիտության ղեկավարը:
Շթայնմայերն Իրաքի միասնականության պահպանության հույս է հայտնել: Նրա կարծիքով՝ վարչապետ Հեյդար ալ-Աբադի ղեկավարությամբ Բաղդադում նոր կառավարության ստեղծումը, որտեղ ներկայացված են երկրի բոլոր շրջաններն ու կրոնները, «վերջին հնարավորությունն է իրաքյան պետության համախմբման համար»:
Ավելի վաղ Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական կուսկացության՝ արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Գեորգ Վելմանը «Die Welt» թերթին տված հարցազրույցում հայտնել էր Իրաքի հյուսիսում անկախ քրդական պետության ստեղծման մասին: Քաղաքական գործչի խոսքով՝ Բաղդադում իշխանությունները չեն կարող ապահովել երկրի անվտանգությունն ու կարգուկանոնը, այն ժամանակ, երբ քրդական շրջաններն ապացուցել են իրենց քաղաքական ու տնտեսական կայունությունը:





























