Ուկրաինացի զինվորականները հարձակում են մշակում Դոնեցկի, Լուգանսկի, Գորլովկայի, Պերվոմայսկի, Իլովայսկի եւ Կրասնի Լուչի վրա: Այս մասին տեղեկացնում է «Korrespondent.net»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնին: Բացի այդ, հակաահաբեկչական գործողության ուժերը շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել Սաուր-Մոգիլա բնակավայրի մոտակայքում գտնվող բարձունքը:

Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդում հաղորդել են, որ մեկ օր շարունակ ուկրաինական զինվորականների ու աշխարհազորայինների միջեւ հրաձգություն է տեղի ունեցել մի շարք բնակավայրերի շրջանում:

Ռուսամետ ակտիվիստների շտաբն իր հերթին հաղորդում է, որ գիշերվա ընթացքում հիմնական ուժերը կենտրոնացվել են Դոնեցկի ուղղությամբ: Ակտիվ մարտեր են մղվել Յասինովատոյե բնակավայրի շրջանում:

«Նիժնի Կրինկի շրջանում ահեղ մարտերի հետեւանքով աշխարհազորայինների կողմից ոչնչացվել է 32 միավոր ռազմական տեխնիկա: Կանխվել են Իլովայսկը  գրավելու հակառակորդի փորձերը: Բոլոր հարձակումները հաջողությամբ հետ են մղվել: Ուկրաինական ուժայինները մինչեւ 30 մարդ են կորցրել»,- նշվում է հաղորդագրությունում: