Չինական իշխանություններն ավտոարտադրող «Mercedes-Benz» ընկերությանը մեղադրել են գների արհեստական բարձրացման համար: Այս մասին գրում են չինական պետական լրատվամիջոցները:

Մեղադրանքներն առաջ են քաշվել հետաքննության արդյունքների հիման վրա, որն անցկացվել է արեւելյան Ցզյանսու նահանգում՝ կապված պահեստամասերի գների շահարկումների հետ:

Անցյալ շաբաթ «BMW»-ի չինական 4 դիլեր-ընկերություններ տուգանվել են 250 հազար դոլարով: Երկրի հակամենաշնորհային օրենսդրություն խախտելու համար մեղադրվում են նաեւ «Audi» եւ «Chrysler» ընկերությունները:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության, առեւտրի ու արդյունաբերության եվրոպական տնտեսական պալատը մտահոգություն է հայտնել, որ Չինաստանում արեւմտյան բիզնեսը ենթարկվում է անհիմն սպառնալիքների:

Չինաստանն ի պատասխան հայտարարում է, որ ազգային ու արտասահմանյան ընկերություններին հավասար պահանջներ է ներկայացնում: