Աստվածամոր արձանի հետ ավանդական երթն է սկսվել Էկվադորի հարավում: Ուխտավորները 74 կմ կքայլեն՝ Էլ Սիսնե գյուղից մինչեւ Լոխա քաղաք:

Հավատացյալների համար արդեն երեք կանգառի վայր են պատրաստել եւ ոստիկանության եւ շտապօգնության մեքենաների ուղեկցություն ապահովել: Ամեն օր հոգեւորականները յոթ պատարագ կանցկացնեն՝ սկսած առավոտվա 6:00 –ից:

Վերջին ժամանակներս ավելի շատ ուխտավորներ են նախատեսում երթին հետեւել մեքենայով,, մոտոցիկլետով կամ հեծանվով: Դա զարմանալի չէ, քանի որ ճանապարհը անցնում է բավականին սառը կլիմայով եւ ուժեղ քամիներով տեղանքով, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Էլ Սիսնեի Աստվածամոր երկրպագության պատմությունն իր սկիզբն է առնում 1594 թ., երբ նրա կերպարն, ըստ ավանդության, առաջին անգամ է երեւացել Լոխա նահանգում: Հրաշքի ականատես հնդկացիները որոշել են այդ վայրում հուշատախտակ տեղադրել եւ դրա ստեղծման համար ուղեւորվել են Կիտո, քաղաք, որը մինչեւ այժմ  հայտնի է փայտարվեստի իր վարպետներով: Աստվածամոր հայտնության վայրում հաստատվել է նրա փայտե քանդակը, որն ըստ Էլ Սիսնեի բնակիչների, բազմիցս տարբեր հրաշքներ է գործել: Քանդակը գտնվում է հսկայական գոթական վանքում,  որն առանձնանում է փոքր գյուղի ֆոնին: