Մոսկվայի դատարանը 3 տարի 3 ամիս պայմանական ժամկետից մինչեւ 3,5 տարվա գաղութի ազատազրկման է դատապարտել Ալեքսեյ Գասկարովին, Իլիա Գուշինին, Ալեքսանդր Մարգոլինին եւ Ելենա Կոխտարեւային, որոնց մեղավոր է ճանաչել 2012 թ. մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակի անկարգությունների գործով:
Դատապարտյալների պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատարանի մեղադրական դատավճիռը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
2012 թ. մայիսին իշխանությունների արտոնած երթը եւ Բոլոտնայա հրապարակի հանրահավաքը վերաճել էին անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների: Տուժել էին տասնյակ մարդիկ, ձերբակալվել էր 400-ից ավելի ցուցարար:
Դատավճռի հրապարակումից հետո` դատարանի շենքի առջեւ հավաքվածները սկսել են աղաղակել. «Ազատություն»: Դրանից անմիջապես հետո մի քանի ակտիվիստներ «Ռուսաստանը բանտ չէ» գրությամբ պաստառ են բռնել: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 10 մարդու/լ
Ավելի վաղ դատարանը երեք տարի եւ երեք ամիս պայմանական ժամկետից մինչեւ չորս տարվա գաղութի էր դատապարտել Բոլոտնայա հրապարակի անկարգությունների ութ մասնակիցների, որոնք մեղավոր են ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:



























