Ջեքի Չանի որդին՝ երաժիշտ ու դերասան Ջեյսի Չանն ընկերոջ՝ թայվանցի հեռուստադերասան Կայ Կոյի հետ Պեկինում ձերբակալվել է: Ոստիկանները նրանց մոտ թմրանյութ են հայտնաբերել: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «South China Morning Post»-ին:
Նշվում է, որ 31-ամյա Չանն ու 23-ամյա Կոն միացել են հայտնի անձնանց ու նրանց երեխաների աճող ցուցակին, որոնց այդ մեղադրանքով ձերբակալում են վերջին երկու տարիներին: Ընկերներին քրեական պատիժ է սպառնում:
Ջեյսի Չանը Լոս-Անջելեսում ուսումնասիրել է պարեր ու դերասանական վարպետություն, նաեւ սովորել է դասական կիթառ նվագել: Դեռահաս տարիքում Հոնկոնգում նա յուրացրել է էլեկտրոկիթառը: 2004թ. թողարկել է սեփական ալբոմը, 6 ամիս անց՝ եւս մեկը: Չան-կրտսերը բազմիցս նկարահանվել է ֆիլմերում, «Քունգ-ֆու Պանդա» մուլտֆիլմում հնչյունավորել է կարապին: Կայ Կոն հանդես է գալիս հեռուստահաղորդումներում, նկարահանվում է ֆիլմերում, հիմնական՝ չինական արտադրության:




























