Human Rights Watch հեղինակավոր կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Հոլլի Քարթները նամակ է հղել Սերժ Սարգսյանին՝ կապված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի հետ:

Նամակում մտահոգություն է հայտնվում այդ օրինագծի վերաբերյալ եւ հորդորում է հետ վերցնել այն Ազգային ժողովից ու շարունակել քննարկումները դրա շուրջ՝ համապատասխանեցնելու համար Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Նամակում ասվում է, թե HRW-ն թվային հեռարձակման անցնելու կառավարության որոշումը գնահատում է, սակայն գործընթացի արագացումը չի նպաստել նրան, որ հաշվի առնվեն քաղաքացիական հասարակության եւ Հայաստանի միջազգային գործընկերների կարծիքները:

Նամակում նշվում է, թե կազմակերպությունը մտահոգված է, որ օրինագծի ընդունումից հետո հեռուստաալիքների թիվը 22-ից նվազելու է 18-ի, ինչը չի նպաստի բազմակարծության զարգացմանը:

Նամակում հիշեցվում է, որ հունիսի 10-ին Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանները մտահոգություն էին արտահայտել այդ կապակցությամբ: Մտահոգություն էին հայտնել նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցները:

Նամակում նշվում է նաեւ «Ա1+» հեռուստաընկերությանը եթերազրկելու հարցը: Նաեւ հույս է հայտնվում, որ ՀՀ ԱԺ-ն հաշվի կառնի միջազգային կազմակերպությունների, Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցների այս մտահոգությունները եւ օրինագիծը կհամապատասխանեցնի Հայաստանի ստանձնած պարտավորություններին: