Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Գերդ Մյուլերը «ZDF» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Քաթարը ֆինանսավորում է «Իսլամական պետությանը»: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ո՞վ է ֆինանսավորում այդ ուժերին («Իսլամական պետությանը»): Հուշում. Քաթարը»,- նշել է Մյուլերը:

Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր Հյուսիսային Իրաքում ահաբեկչության դեմ պայքարող ուժերին զենք տրամադրելու պատրաստակամության մասին:

«Կասկած չկա, որ «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը զազրելի հանցագործություններ եւ վայրենություններ է կատարում, եւ որ հարյուր հազարավոր մարդիկ փախուստի մեջ են: Գերմանիան նպաստում է նրանց (փախստականների) աջակցելուն: Մենք արդեն միլիոնավոր եվրոներ ենք հատկացնում մարդասիրական օգնության համար եւ պատրաստ ենք հետագայում նույնպես քայլեր ձեռնարկել»,- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերն է մեջբերում «Gazeta.ru»-ն: