Հայաստանը դատապարտում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանությունը իսլամիստ ծայրահեղականների կողմից:

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ ասվում է. «Բառերն անզոր են` արտահայտելու այն վրդովմունքը, որն առաջացնում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի բարբարոսական սպանությունը: Ամենախիստ կերպով դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին եւ գործընկերներին:

Ծայրահեղականների կողմից իրականացրած այս վայրագ սպանությունը ցույց է տալիս ահաբեկիչների վայրի էությունը եւ հրամայական է դարձնում քաղաքակիրթ աշխարհի ջանքների միավորումը եւ վճռականությունը` ահաբեկչության դեմ պայքարում»։

Հիշեցնենք՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խումբը օգոստոսի 19-ին հրապարակել է մի տեսագրություն, որտեղ պատկերված է մի տղամարդու մահապատիժը, որը, ինչպես հաստատվում է, 2012-ին Սիրիայում առեւանգված ամերիկյան լրագրող Ջեյմս Ֆոուլին է։