Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 24-ին, այցելել է «Սեւան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման կազմակերպած «Միասին 2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Արդեն վեցերորդ տարին անցկացվող հավաքին այս տարի մասնակցում է 500 երիտասարդ՝ Երեւանից եւ հանրապետության մարզերից: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Սերժ Սարգսյանը շրջել է ճամբարի տարածքում, զրուցել ֆորումի մասնակիցների հետ, ծանոթացել ճամբարականների պայմաններին եւ առօրյային, նախորդ օրերին անցկացված միջոցառումներին: Նախագահին ներկայացվել է ճամբարի մասնակիցների հագեցած եւ հետաքրքիր առօրյան, նշվել է, որ ամենօրյա դասախոսություններ են անցկացվում տարբեր թեմաներով, հյուրընկալվում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, կազմակերպվում են սպորտային մրցումներ, ժամանցային այլ միջոցառումներ:
Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրի արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, երիտասարդության հարցերին, պաշպանությանը եւ մի շարք այլ թեմաների: Մասնավորապես, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, դրանց հեռանկարին, այդ հարցում պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը վերաբերող հարցի կապակցությամբ նախագահը նշել է, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը եւ, հավանաբար, մասնակցությունը կլինի արտգործնախարարի մակարդակով:
Նախագահի խոսքով, ՀՀ ԱԳ նախարարը կտեղեկանա նաեւ, արդյո՞ք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին` 2015թ. ապրիլի 24-ին, այցելել Ծիծեռնակաբերդ եւ սեփական աչքերով տեսնել մարդկային հոծ երթը դեպի անմար կրակ, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է: «Ե՞րբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը» հարցին ի պատասխան էլ Սերժ Սարգսյանը նշել է, որ դժվարանում է ասել: Նա ընդգծել է. Հայաստանի ցանկությունն է, որ այն օր առաջ բացվի:





























