Օգոստոսի 12-ին, Հայաստանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա հայկական արմատներ ունեցող ռոք երգիչ System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի մենահամերգը: Այս մասին հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին համերգի կազմակերպիչներ «Դիիմ Քոմունիքեյշնս» ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը եւ Fugitive Studios ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Կուբելյանը:
Կազմակերպիչների խոսքով, համերգի տոմսերը կարժենան 4000-ից մինչեւ 40-50 հազար դրամ: Նրանք նաեւ նշեցին, որ լինելու է գեղեցիկ շոու՝ շքեղ լուսավորությամբ եւ ձայնային նոր սարքավորումներով: Սերժ Թանգյանը երգելու է իր խմբի 6 անդամների եւ հայ երաժիշտների նվագակցությամբ: Թանգյանը կատարելու է հին եւ նոր երգեր, հնարավոր է, որ երգի նաեւ հայերեն:
Ռոք երգիչը Հայաստանում միայն մեկ համերգ է ունենալու: Նա Հայաստանում է լինելու Elect the Dead Symphony շրջագայության շրջանակներում:




























