Պետական միջոցներով աղետի գոտում 2009-2010թթ. Գյումրիի Մուշ-2 թաղամասում կառուցված 1056 բնակարաններից վաղը` հունիսի 18-ին, ժամը 15-ին դրամատիկական թատրոնի դահլիճում կայանալիք վիճակահանությանը կբաշխվեն վերջին՝ 290 բնակարանները:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից, բնակբաշխման հանձնաժողովի որոշմամբ, ընտանիքում 1-ին կարգի հաշմանդամ ունեցող անօթեւանների համար կկատարվի առանձին վիճակահանություն` նորակառույց շենքերի առաջին հարկերի բնակարանների համար:
ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի հավաստիացումներով, բնակարան ստացած քաղաքացիներին իրենց բնակարանների բանալիները կհանձնվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, որից հետո միայն 22 տարի անօթեւանի կարգավիճակում գտնվող գյումրեցիները կկարողանան բնակարանամուտ տոնել:
ՀՀ կառավարության որոշմամբ, աղետի գոտում անօթեւանի կարգավիճակում գտնվող անձանց բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի համաձայն՝ մինչեւ 2013-ը նախատեսվում է միայն Գյումրիում կառուցել 3996 բնակարան: Հաջորդ տարի «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից Գյումրիում շահագործման պետք է հանձնվի 1800 բնակարան:
Նշենք նաեւ, որ Գյումրու անօթեւանների ցուցակում հաշվառված են 4245 անօթեւան ընտանիքներ՝ ներառյալ ընթացիկ տարում բնակարան ստացած 1056 ընտանիքները: Գյումրիում կան նաեւ հազարավոր փաստացի, սակայն կարգավիճակ չունեցող, ժամանակավոր կացարաններում բնակվող անօթեւան ընտանիքներ, որոնք այդ ցուցակում հաշվառված չեն, ուստի պետության կողմից փոխհատուցման ենթակա չեն: Նրանք հիմնականում այն բազմանդամ ընտանիքներն են, ովքեր երկրաշարժից հետո բնակարան են ստացել, սակայն ընտանիքի միայն մի մասն է տեղափոխվել նոր բնակարան, ինչպես նաեւ այն ընտանիքները, որոնք երկրաշարժի ժամանակ բնակարան չեն կորցրել կամ ստացել եւ վաճառել են:
Ավելացնենք, որ բնակարանների բաշխման այս փուլին չմասնակցեցին այն ընտանիքները, որոնց մեկ կամ մի քանի անդամները բացակայում են Հայաստանից եւ տարբեր պատճառներով չկարողացան համապատասխան լիազորագրեր ուղարկել:




























