Իշխանությունները եթե օգտագործեն Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված «100 քայլ» ծրագրի սկզբունքները, ապա գործող համակարգը կփլուզվի՝ հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաաչատրյանը։

Նա նշեց, որ «100 քայլ» ծրագրի կիրառումը նշանակում է տնտեսությունը 180 աստիճանով շրջել դեպի ժողովուրդը՝ օլիգարխների, մենաշնորհների վերացում, փոքր բիզնեսի խթանում եւ այլն։

«Եթե համակարգը առաջնորդվի այս սկզբունքներով, կնշանակի տնտեսական համակարգի փլուզում։ Իսկ եթե տնտեսական համակարգը փլուզվում է, նշանակում է քաղաքական համակարգն էլ կվերանա»,-նշեց Խաչատրյանը։ ՀԱԿ ներկայացուցիչը հավելեց նաեւ, որ իշխանություննրն ամեն ինչ արել են, որպեսզի «100 քայլի» հրապարակային քննարկումը տապալվի։ Եւ այս ընթացքում, բացի Եվրամիության դեսպանների հետ տեղի ունեցած ակումբային քննարկումից, որեւէ այլ քննարկում տեղի չի ունեցել ՀԱԿ տնտեսական ծրագրի շուրջ։

«Ե՜ւ Արժութի միջազգային հիմնադրամը, եւ Համաշխարհային բանկը ցանկություն են ունեցել հանդիպել մեզ հետ, քննարկել ծրագիրը, բայց իշխանությունների կողմից նրանց խորհուրդ չի տրվել անել դա»,-հավասատիացրեց Երեւանի նախկին քաղաքապետը։  Նա ընդգծեց նաեւ, որ որոշակի հարցադրումներ են եղել, որոնց վերաբերյալ ծրագրի հեղինակները կցանկանային պարզաբանումներ տալ։

«Շատ դեպքերում այդ ծրագիրը կարող են կարդալ եւ ասել, թե լիբերալ Վահանգ Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը եւ Բագրատ Ասատրյանը դարձել են սոցիալիստներ։ Սակայն մեր տեսակետները չեն փոխվել, այդ ծրագրում սոցիալիստական էլեմենտներ չկան։ Եւ հաշվի առնելով տնտեսական, քաղաքական վիճակը, եւ ճգնաժամում գտնվող Հայաստանի տնտեսությունը, քայլեր կան, որոնք խիստ անհրաժեշտություն է, որ իրականացվեն առաջիկա երեք տարում։ Դրանք, կարող ենք ասել, որ սոցիալիստականին մոտ են։ Սակայն «100 քայլի» տրամաբանությունը բարեփոխումներն են, ազատական  տնտեսությունը»,-նշեց Խաչատրյանը։ Նա նաեւ հավելեց, որ մտադիր են առաջիկայում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ծրագիր ներկայացնել ու ուսումնասիրում են այդ ուղղությամբ։  համաշխարհային փորձը։