Կառավարությունն իր պահուստային ֆոնդից այսօր 62.9 մլն դրամ կամ մոտ 168 հազ. դոլար հատկացրեց մշակույթի նախարարությանը` «Արամ Խաչատրյան» համերգասրահի համար «Սթենվեյ» դաշնամուրի ձեռքբերման համար: Գնումն իրականացվելու է Համբուրգի ««Սթենվեյ եւ որդիներ» գործարանից: Նախնական բանակցությունների արդյունքում «Սթենվեյ» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել  գործիքը գնել անմիջապես  գործարանից` 3 տոկոս զեղչով, ներառյալ ապահովագրական գումարները:

Տ. Սարգսյանն այս բավական թանկարժեք գնումը հիմնավորեց նրանով, որ դասական երաժշտության բնագավառում ունենք բացառիկ նվաճումներ, աշխարհահռչակ երաժիշտներ են ժամանում Հայաստան, սակայն մեր համերգասրահների երաժշտական գործիքակազմը հնացել է: «Մեր մշակութային ակտիվությունը եւ երաժշտական գործիքակազմն իրար համարժեք չեն»,- կառավարության նիստի ժամանակ ասաց Տ. Սարգսյանը եւ խոստացավ հետագայում եւս գումարներ հատկացնել նոր գործիքներ ձեռք բերելու համար: