Բռնաբարության զոհը հայտարարել է իր մտադրության մասին ամենուրեք շրջել ներքնակով՝ ի նշան բողոքի համալսարանի ղեկավարության անգործության դեմ, որոնք մինչ այժմ հանցագործին պատասխանատվության չեն ենթարկել:
Էմմա Շուկովիտցը Կոլումբիական համալսրանից հայտարարել է, որ իր հետ ներքնակ է կրելու այնքան ժամանակ, քանի դեռ բռնաբարող ուսանողը չի հեռացվելու ուսումնական հաստատությունից, գրում է «Mail Online»-ը:
Ուսանողուհին նշում է, որ իր նախաձեռնությունը կարող է շարունակվել մեկ օրից մինչեւ անգամ գարուն, երբ նա դիպլոմով հեռանա համալսարանից:
Ներքնակը, որի հետ շրջում է աղջիկը, բռնաբարության «վկան» է, քանի որ հարձակվել են նրա վրա հանրակացարանի սենյակում: Նրա մտահաղացմամբ՝ ներքնակի ծանրությունը պետք է խորհրդանշի իր կրած տանջանքների ծանրությունը:
Շուկովիտցը մտադիր է իր ակցիայի մասին տեղեկությունները տարածել բարձախոսի միջոցով: Աղջկա խոսքով՝ իր բոյկոտի կանոններից մեկն այն է, որ նա ներքնակը տեղաշարժելու օգնության համար որեւէ մեկի չի դիմելու:
Շուկովիտցը բռնության ենթարկվել է 2011թ.-ի վերջում, սակայն ոստիկանությանը հայտնել որոշել է միայն մեկուկես տարի անց: Ինչպես հայտարարում է աղջիկը, միջադեպն այնքան ծանր էր իր համար, որ նա չի համարձակվել անմիջապես դիմել իշխանություններին՝ ամաչելով կատարվածի համար, հաղորդում է «FedPost.ru»-ն:
Շուկովիտցը կատարվածի մասին պատմել է ուսանողական թերթին՝ նշելով, որ դա իր համար անսպասելի էր, քանի որ մինչ այդ նա երկու անգամ իր վրա հարձակվող տղայի հետ առանց բռնության սեքսով էր զբաղվել: Ուսանողական թերթին հայտնի է ուսանողի անունը, որին աղջիկը մեղադրում է բռնաբարության մեջ, սակայն քանի որ նրա դեմ մեղադրանք չի ներկայացվել, անունը գաղտնի է պահվում:




























