Չինաստանի Սուցյան քաղաքի ոստիկաններն առանց դժվարության ձերբակալել են տղամարդուն, ով փորձել է բնակարան թալանել: Չարագործին ստիպված են եղել իջեցնել տանիքից, որտեղ նա հայտնվել է «սուպերհերոսական» թռիչքի արդյունքում:

Ըստ տեղեկությունների, ոստիկանություն տարված Սուցյանի 25-ամյա բնակիչը մի քանի օր առաջ բավականաչափ խմելով՝ որոշել է, որ բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում ոչ ոք չկա: Նա պատմել է, որ մտել է բնակարան եւ արդեն սկսել է թանկարժեք իրեր փնտրել, երբ հանկարծ հայտնաբերել է, որ մենակ չէ. սենյակ է մտել աղմուկից արթնացած տանտիրոջ 10-ամյա դուստրը:

Աղջկա հայտնվելը սարսափահար է արել գողին, եւ նա փորձել է բացատրել իր անսպասելի այցը: Բայց խելամիտ ոչինչ մտածել չի կարողացել եւ, իր կարծիքով, միակ ճշմարտանման վարկածն է ասել՝ հայտարարելով, որ ինքն իրականում Սուպերմենն է:

Ըստ FedPost.ru-ի, աղջիկը կասկածել է եւ ապացույց պահանջել: 10-ամյա երեխային իր անհավանական ունակությունների հարցում համոզելու համար տղամարդն իսկական Սուպերմենի նման է վարվել՝ նետվել է պատուհանից:

Տանիքին ընկած գողը ցավից այնքան է բղավել, մինչեւ նրա ձայնը լսել է տանը բնակվող տղամարդը, ով էլ ոստիկանություն է զանգահարել:

«Նա նստել էր տանիքին եւ չէր կարողանում ինքնուրույն իջնել, այդ պատճառով ստիպված եղանք սանդուղք օգտագործել: Ներկայում տղամարդը բուժվում է եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ձերբակալվելու է: Նրան 7 տարվա ազատազրկում է սպառնում»,- լրագրողներին տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչ Ցյան Լեյը: