Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ Օրանժ Արմենիան համակարգչային խաղեր հայ նախագծողների համար հնարավորություն են ստեղծում մասնակցելու նոյեմբերի 10-12 Բելգրադում կայանալիք հեղինակավոր Casual Connect համաժողովին՝ միաժամանակ իրենց նախագծած խաղերը ներկայացնելով համաժողովին կից անցկացվող IndiePrize ցուցադրություն-մրցույթին:

Այս բացառիկ հնարավորությունից օգտվելու համար ցանկացողները մինչեւ հոկտեմբերի 8-ը պետք է գրանցվեն «Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի Հայաստանի բաց առաջնությանը որպես մասնակից: Բելգրադ մեկնող խաղը կնտրվի «Բաց Խաղ» առաջնության ժուրիի կողմից:

Հավակնորդները մրցույթին պետք է ներկայացնեն ավարտուն խաղ: Մասնակցության պայմաններն ավելի մանրամասն հասանելի են www.opengame.am կայքում:

Casual Connect համաժողովը ներառում է խաղերի ցուցահանդես, դասընթացներ, թեմատիկ ներկայացումներ եւ այլն: IndiePrize մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ցուցադրել իրենց խաղերը, այլեւ շփվել indie ծրագրավորողների հետ, փոխանակվել փորձով, ձեռք բերել նոր գործընկերներ եւ հմտություններ:

* Indie խաղերը նախագծվում են փոքր, անկախ թիմերի կողմից՝ սովորաբար առանց խաղային ոլորտի հրատարակիչների եւ այլ արտաքին աղբյուրների էական ֆինանսական աջակցության:

«Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնությունը կազմակերպվում է 2011թ.-ից սկսած Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) եւ «ՕրանժԱրմենիա» ընկերության կողմից: Այս տարի առաջնության գլխավոր հովանավորն է «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը: