Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին նախատեսված հանրաքվեի նախաշեմին անկախության կողմնակիցների թիվը նկատելիորեն աճել է: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով հասարակական կարծիքի ուսումնասիրման YouGov ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները, անկախության օգտին հադես է եկել հարցվածների 51 տոկոսը, դեմ՝ 49 տոկոսը:

The Sunday Times թերթը, որի պատվերով անցկացվել է հարցումը, ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ հանրաքվեից երկու շաբաթ առաջ Շոտլանդիայի կողմնակիցների թիվը նկատելիորեն աճել է:

Մեկ ամիս առաջ Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի կազմում թողնելու կողմնակիցները 22 տոկոսով ավելի էին անկախության կողմնակիցներից:

Լրատվամիջոցների տվյալներով, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը լրջորեն անհանգստացած է հնարավոր սահմանադրական ճգնաժամով, որ Շոտլանդիան սպսասվող հանրաքվեի ժամանակ կարող է քվեարկել անկախության օգտին, հաղորդում է Deutsche Welle ռուսական ծառայությունը:

Եթե սեպտեմբերի 18-ին կայանալիք քվեարկության ժամանակ Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը կողմ արտահայտվի անկախությանը, ապա 2016-ի գարնանը Շոտլանդիան դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից: