ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Վրաստանի համար եվրոատլանտյան համայնքին անդամակցելու տեսակետից կարեւոր փուլ է սկսվել,- այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Չաք Հեյգելը մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո:
Հեյգելը նաեւ անդրադարձել է Վրաստանի հետ գործընկերության խորացմանը պաշտպանության բնագավառում:
«Շնորհակալություն ձեր ներդրման համար, գործընկերության եւ բարեկամության համար, որոնք գոյություն ունեն Ամերիկայի ու Վրաստանի միջեւ: Մենք ընդհանուր շահեր ունենք: Ես հատկապես գնահատում եմ այն, որ Թբիլիսի եմ եկել ՆԱՏՕ-ի գագաթաժողովից անմիջապես հետո, որտեղ, կարծում եմ, Վրաստանի համար եվրոատլանտյան համայնքին անդամակցելու տեսակետից կարեւոր փուլ է սկսվել»,- հայտարարել է Չաք Հեյգելը:
Նրա խոսքով՝ Իրակլի Ալասանիայի հետ հանդիպման ընթացքում խոսքն ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ սերտ համագործակցության մասին էր պաշտպանության բնագավառում:
«Մեր ընդհանուր նպատակն է, որպեսզի ապագայում շարունակվեն ավելի սերտ ու ամուր կապերը, որոնք ուղղված են պաշտպանությանը: Հատկապես այն ենթատեքստում, որ Ուկրաինայում առկա է Ռուսաստանի բացահայտ ագրեսիա»,- հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:





























