Ուկրաինայի արեւելքում երկարատեւ հրադադարի համար հարկավոր է Կիեւի եւ Մոսկվայի ուժեղ քաղաքական կամքը, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Նա նշել է, որ քաղաքական այդ կամքը պահանջվում է Մինսկում ձեռք բերված համաձայնությունների եւ ռազմական գործողությունների փաստացի դադարեցման համար: ԳԴՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինայի Արեւլքի տարածքի մեծ մասում սեպտեմբերի 5-ին հայտարարված հրադադարից հետո մարտերն իսկապես դադարել են: Սակայն Դոնեցկում եւ Մարիուպոլում տեղի ունեցած միջադեպերը ցույց են տալիս, թե որքան խոցելի է հրադադարի ռեժիմը եւ որքան արագ կարող են ռազմական գործողությունները չեզոքցնել քաղաքական բոլոր ջանքերը, հայտարարել է Շտայնմայերը:

Ընդ որում Մինսկի համաձայնությունների իրականցման համար հարկավոր կլինի ԵԱՀԿ ընդլայնված գործունեությունը՝ սահմանների վերահսկողության եւ հրադադարի ռեժիմի պահպանության համար, ընդգծել է Շտայնմայերը, հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը: