«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորումը բաց նամակով դիմել է Հայաստանում գնվող միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, պետությունների դեսպաններին՝ որտեղ կոչ է անում փրկել իրենց ցեղասպանությունից, հակառակ պարագայում այդ երկրները, հնարավոր է, ստիպված լինեն արդեն իրենց տարածքում պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Օգոստոսի 2-ից Իրաքի Շանգալ շրջանում, որը հիմնականում եզդիաբնակ է, տեղի է ունենում եզդիների ցեղասպանություն: Մեր ժողովրդի մի մասին ֆիզիկապես ոչնչացնում են, մի մասին` երեխաներին, ծերերին, տեղահանել են բնակավայրից, որոնք սարերում էլի բնաջնջվում են: Ցեղասպանությունը շարունակվում է, շուրջ 1500 կանայք ստրկության մեջ են Մոսուլ քաղաքում, եւ ցավալի է, որ Իրաքի Հանրապետության նոր վարչապետը իր խոսքում երբեք չի նշել եզդի կանանց ազատագրման մասին: Գերեվարված են նաեւ երեխաներ, որոնց պահում են, որ իսլամ ընդունեն: Սա նույնպես ցեղասպանություն է:

Միջազգային հանրության տրամադրած օգնությունը լիարժեք չի հասնում եզդիներին: Ներկայումս եզդիներն ունեն երեք ռազմական ջոկատ, որոնց ղեկավարները դժգոհում են, որ զենք չեն ստանում: Կոնկրետ միջոցառումներ են ձեռնարկվում, որ եզդիներն իրենք պաշտպանեն իրենց: Գյուղեր կան, որ ազատագրվել են, բայց եզդիները վախենում են վերադառնալ իրենց բնակավայրերը: Վերապրած մահվան, վախի սարսափը միանգամից մոռանալ կամ անտեսել չեն կարող, բացի այդ, ուզում են, որ միջազգային հանրությունը անվտանգության երաշխիքներ ստեղծի: Բոլոր եզդի հասարակական գործիչների, հասարակական կազմակերպությունների ցանկությունը մեկն է, որ պահպանվի Շանգալը, բայց դրա համար պետք է այնտեղ ստեղծվի ինքնավար Հանրապետություն` միջազգային կազմակերպությունների խաղաղապահ ուժերի ներքո:

Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբաման ասաց, որ մենք պետք է կանխենք իրաքում ջիհադակաների կողմից տասնյակ հազարավոր եզդիների եւ քրիստոնյաների ցեղասպանությունը: Եզդիների ցեղասպանությունը դատապարտել են ՄԱԿ-ը, ԵՄ-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ ու պետություններ:

Ի սեր Աստծո միջազգային հանրությունը գերտերություները պատասխանատու են ոչ միայն իրենց երկրների եւ ժողովուրդների համար այլ պատասխանատվություն պետք է կրեն ամբող աշխարհի անվտանգության համար:

Միջազգային հանրությունը պետք է գործի անհապաղ, լինենք աստվածավախ եւ աստվածասեր իրագործենք հնարավոր բոլոր միջոցները եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու համար: Փրկեք նրանց կյանքը, ազատությունը եւ ապահովեք նրանց անձի անձեռնմխելիությունը: Մի թույլ տվեք, որ 6000 եւ ավելի տարիների պատմություն ունեցող ժողովրդին արմատախիլ անեն իրենց բնակավայրից՝ Շանգալից, մեր սուրբ հոգեւոր առաջնորդարանանիստ Լալիշա Նուրանից: Կործանեն մեր պատմությունը կրոնն ու մշակույթը, մեր օջախից հանեք նրանց, ում գործը մարդ սպանելն ու թալանելն է, ապահովեք մեր բնօրրանի պաշտպանությունը եւ մեր ազգակիցների վերադարձը մեր հայրենի տարացքները:

Հավատացած եմ, որ եթե աշխարհը, հզոր դեմքերը տարբեր ամբիոներից ելույթներ ունենալուց անհապաղ չանցնեն գործուն միջոցների կատարմանը չզգան եւ չգիտակցեն իրական վտանգը ապա չի բացառվում, որ նրանք ստիպված լինեն իրենց երկրի ներսում պայքարեն ԻՊ չարիքի դեմ»: