Ավստրիան հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցում, իսկ այդ հարաբերություններում առանձնակի տեղ կարող է ունենալ էներգետիկ համագործակցությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի եւ արտաքին գործերի դաշնային նախարար Սեբաստիան Կուրցը:
«Մեր պատվիրակաության կազմում Հայաստան ժամանած ավստրիացի գործարարները ներկայացրին իրենց ձեռնարկություններն ու այն հնարավորությունները, որ կարող են ներդնել Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման գործում»,-ասել է նա:
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության հնարավորությունները: Հայ եւ ավստրիացի գործընկերները պատրաստակամություն հայտնեցին հնարավորինս օգտագործել այն ներուժը, որ ունեն երկու երկրները՝ տնտեսության համար կարեւոր այդ ոլորտներում:
Նախարար Երվանդ Զախարյանը ողջունեց Ավստրիայի պատվիրակությանը Հայաստանում, մաղթեց արգասաբեր եւ արդյունավետ աշխատանք: Նախարարը կարեւորեց հատկապես այն հանգամանքը, որ պատվիրակության կազմում շատ են գործարարները, ովքեր հետաքրքրված են հատկապես Հայաստանի էներգետիկ ոլորտով: Երվանդ Զախարյանը նշեց, որ համագործակցության հնարավորությունները մեծ հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ հիդրոէներգետիկայում, հողմաէներգետիկայում եւ արեւային էներգետիկայի ոլորտում: Նախարարը հույս հայտնեց, որ, որ այս հանդիպումը կլինի լավ սկիզբ՝ հետագա արդյունավետ աշխատանքի համար:




























