Երեւանում սեպտեմբերի 9-ին նշել են Բրազիլիայի անկախության 192-րդ տարեդարձը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում բրազիլիական համայնքի անդամներ:
Իր ողջույի խոսքում Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն շնորհակալություն է հայտնել ավանդույթներով ու մշակույթով հարուստ երկրում աշխատելու հնարավորության համար, հատկապես նման հյուրասեր մարդկանց երկրում: «Ցանկանում եմ դարձյալ իմ պատրաստականությունը հայտնել Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատելու համար, հատկապես այնպիսի ոլորտներում, որտեղ Բրազիլիան բավական փորձ ունի, որպեսզի օգնի առաջ քաշել հայկական կառավարության ծրագրերը»,- նշել է դեսպանը:
Նա նաեւ ընդգծել է, որ դրա համար հարկավոր է սերտ համագործակցել բարեկամների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ Բրազիլիայում: Մասնավորապես Սան Պաուլոյի եւ այլ քաղաքների հայկական համայնքի ներկայացուցիչների, որոնք իրենց ներդրումն են կատարում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Տարեդարձի առթիվ տոնակատարությանն իրենց ունակություններն են ցուցադրել կապոեյրայի վարպետները՝ բրազիլիական ազգային մարտարվեստ՝ պարերի, ակրոբատիկայի եւ բրազիլիական երաժշտության ուղեկցությամբ:




























