Տավուշի մարզում օգոստոսի 28-ին ականի վրա պայթելու հետեւանքով անդամահատված հայ զինծառայողների համար հատուկ պրոթեզներ են պատրաստվել, որոնց շնորհիվ նրանց կյանքի որակը չի տուժելու: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Պաշտպանության նախարարության պրոթեզավորող Մկրտիչ Գինոսյանը հատուկ պրոթեզներ է պատրաստել մեր զինծառայողների համար, որոնց շնորհիվ վիրավորված տղաները հանգիստ կարող են քայլել, նրանք կյանքի որակը չի տուժի: Վիրահատությունները դեռ չեն կատարվել, քանի որ ամբողջությամբ դեռ չեն ապաքինվել: Բացի դրանից՝ պրոթեզներ պատրաստելը բավականին բարդ գործընթաց է, բանականին ժամանակ է պետք: Նշեմ, որ հուլիսին վիրավորված կապիտաններ Սարգիսի եւ Սրապիոնի համար էլ ենք պրոթեզներ պատվիրել»,- ասաց նա:
Ի դեպ, Մկրտիչ Գինոսյանը տարիներ առաջ պրոթեզ է պատրաստել նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար:
Հիշեցնենք, որ ըստ պաշտպանության նախարարության՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում, ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս, ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ են ստացել փոխգնդապետ Լեռնիկ Ռաֆիկի Բաբայանը, կապիտան Վահագն Մանվելի Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Սամվելի Կոթինյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Ջիվանի Բաբայանը: Սեպտեմբերի 2-ին վիրավորվածներին այցելել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:





























