Նոր Զելանդիայում երկու հետերոսեքսուալ տղամարդիկ ամուսնացել են, որպեսզի Լոնդոնում կայանալիք ռեգբիի աշխարհի առաջնության տոմս շահեն, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Australian-ը:

Ինժեներական ֆակուլտետի 23-ամյա ուսանող Թրեվիշ Մաքինթոշը եւ դպրոցի 24-ամյա ուսուցիչ Մեթ ՄաքՔորմիքը ամուսնացել են Օքլենդում: Նրանց մոտ 60 հարազատներ ներկա են եղել հարսանիքին:

Երիտասարդները հանդիպել են 6 տարի առաջ ռեգբիի սիրահարների ակումբում եւ լավ ընկերներ դարձել:

Մաքինթոշը կարծում է, որ իրենց ամուսնությունը կարող է տեւել 2 տարի, իսկ իրենց դեմ ուղղված քննադատությունն անհիմն է:
«Մենք պարզապես ցույց տվեցինք, թե որքան հեռու կարող են գնալ լավ ընկերները, որպեսզի շահեն իրենց երազած ուղեւորությունը դեպի Ռեգբիի աշխարհի առաջնություն»,-ասել է նա:

Նշենք, որ նույնասեռ ամուսնությունները Նոր Զելանդիայում օրինականացվել են 2013-ին: