Emirates Airline ավիաընկերության ինքնաթիռները չէին ուղեւորվի ուկրաինական տարածքների վրայով, եթե հայտնի լիներ, որ այդ տարածքում նման բարձրության վրա թիրախը ոչնչացնելու հնարավորություն ունեցող հրթիռներ կան: BBC-ի փոխանցմաբ՝ այս մասին հայտարարել է Emirates Airline-ի ղեկավարը:
Ավիաընկերության նախագահ սըր Թիմ Քլարքի խոսքով՝ ցանկացած ավիափոխադրող, այդ թվում՝ Malaysian Airlines-ը, կշրջանցեր վտանգավոր գոտին, եթե տեղյակ լիներ գոյություն ունեցող սպառնալիքի մասին:
«Այդ տարածքում հրթիռների առկայության մասին վկայություններ են եղել ողբերգությունից դեռեւս մի քանի շաբաթ առաջ: Emirates-ն այդ մասին չգիտեր, եւ ես չեմ կարծում, որ այդ տեղեկությունը շատ ավիաընկերություններ ունեին»,- ասել է Թիմ Քլարքը:
Ըստ նրա, որոշ ավիաընկերություններ իմացել են հնարավոր վտանգի մասին, բայց այդ տեղեկությունը չեն փոխանցել այլ ավիափոխադրողների:
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ընկերության՝ Ամստերդամ-Կուալա Լումպուր ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռը կործանվեց հուլիսի 17-ին, Դոնեցկի մարզի Գրաբովո բնակավայրի մոտակայքում: Օդանավում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվեցին:
MH17 չվերթի ինքնաթիռի կործանման պատճառների մասին նախնական զեկույցում Նիդեռլանդների ենթակառուցվածքների եւ տրանսպորտի անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետները հանգել են եզրակացության, որ ինքնաթիռն օդում կործանվել է «բարձր էներգիա ունեցող բազմաթիվ օբյեկտների» արտաքին ազդեցությամբ:





























