ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը պատրաստ չէ  նշել անկախ Շոտլանդիայի` դաշինքի կազմում ընդգրկվելու ժամկետները, եթե այն հանրաքվեի արդյունքում նման կարգավիճակ ստանա:

«Ես չեմ միջամտի Շոտլանդիայի հանրաքվեին: Եթե նոր անկախ պետությունը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, այն պետք է ՆԱՏՕ-ին անդամագրվելու դիմում ներկայացնի:  Այդ դիմումը կքննարկվի բոլոր դիմումների նման: Եվ այն կպահանջի դաշինքի միաձայնությունը` մեր միության նոր անդամ ընդունելու համար»,- Բրյուսելում ասել է Ռասմուսենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա` ՆԱՏՕ-ում Շոտլանդիայի անդամակցության հարցը «չի քննարկվել»:

«Ես ոչինչ չեմ կարող ասել ժամկետների մասին: Դուք պատմությունից գիտեք, որ ժամկետները զգալի տարբերվում են, եւ սա մեծամասամբ վերաբերում է բազմաթիվ պահանջներ կատարելու հնարավորությանը»,- հայտարարել է Ռասմուսենը: