Հայաստանի կառավարությունում՝ հունիսի 22-ին տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման նախագծի իրականացմամբ Հայաստանում կստեղծվի «Քենդլ» 3 ԳԷՎ էներգիայով երրորդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուր, ինչը կխթանի երկրի առաջատար գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացումը, տնտեսության գիտատար ուղղությունների համար կծառայի որպես փորձագիտական բազա, ինչպես նաեւ կապահովի որակապես նոր մակարդակ միջազգային համագործակցության ասպարեզում։
Խոսելով ծրագրի կարեւորության մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը կայացրել է քաղաքական որոշում` մասնավոր ներդրողների կողմից ծրագրին աջակցության պարագայում մասնակիորեն ֆինանսավորել ոլորտը։
Նիտում քննարկվել են «Քենդլ» նախագծի ներկա իրավիճակը, նախագծի բիզնես պլանը եւ տնտեսական ազդեցության գնահատումը ներկայացնող ուսումնասիրության հիմնական դրույթները, «Քենդլ» կենտրոնի կարգավիճակի եւ կառուցվածքի մասին առաջարկությունը, կենտրոնի տարածքի ընտրության եւ հատկացման խնդիրները։


























