Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների սուրբ հիշատակին նվիրված Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը ուղիղ մարտահրավեր է ոչ միայն հայ ժողովրդի նվիրական զգացմունքների ու արդար պահանջատիրության դեմ, այլ ահազանգ է քաղաքակիրթ ողջ մարդկության համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Սույն թվականի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության տոնակատարության օրը, Մերձավոր Արեւելքում վխտացող ահաբեկչկան կազմակերպություններից ամենավայրագ` ՏԱՀԵՇ խմբավորումը, պայթեցրել է Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքի Ռաշտիե թաղամասում գտնվող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

Մշակութային անկրկնելի հուշարձանների միտումնավոր ոչնչացումը առաջին հերթին վկայում է, մարդկությունը դեպի վայրի միջնադար տանող, ահաբեկչական խմբավորումների եւ նրանց տարատեսակ հովանավորողների բարոյական սնանկության ու վայրագ էության մասին:

Այս բռնարարքի պատասխանատվության իր մեծ բաժինն ունի նաեւ Թուրքիայի հանրապետությունը, ում հովանու ներքո այս տխրահռչակ կազմակերպությունը կարողացավ հսկայական տարածքներ զավթել Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային մասերում եւ անմարդկային արարքներով ահ ու սարսափ է տարածել անմեղ բնակչության մեջ:

Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների սուրբ հիշատակին նվիրված Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը ուղիղ մարտահրավեր է ոչ միայն հայ ժողովրդի նվիրական զգացմունքների ու արդար պահանջատիրության դեմ, այլ ահազանգ է քաղաքակիրթ ողջ մարդկության համար:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած բարոյական, առաջադիմական եւ պետությունների ու միջազգային կազմակերպությունների ժողովրդավարական համագործակցության հիմնարար սկզբունքներին` խստորեն դատապարտում է բարբարոսական այս արարքը, որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին իրականացնում են ոճրագործ խմբավորումները:

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունը կոչ է անում համաշխարհային առաջադեմ հանրությանը, օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին, համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարող առաջադեմ ուժերին եւ հայկական աշխարհասփյուռ բոլոր կազմակերպություններին` բարձրացնել բողոքի, ընդվզումի եւ դատապարտման իրենց ձայնը նման ծայրահեղ ու բարբարոս գործողությունների դեմ»: