Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթին 14 հոգի է դիմել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Նա նշեց, որ երեք դիմումների դեպքում փաստաթղթերի լրացման խնդիր կար եւ արդեն բերել, լրացրել են: Առայժմ դիմումատուների ինքնությունը գաղտնի է պահվում: Մամուլի խոսնակն ասաց, որ երկուշաբթի կգումարվի հանձնաժողովի նիստ, որտեղ որոշելու են թեկնածուների ընտրության օրը եւ հաստատելու են ցուցակները, հենց այդ օրն էլ հայտնի կդառնա դիմումատուների անունները: Արդեն հարցազրույցի փուլին այդ 14-ի մեջից կընտրեն 3-ին, ովքեր կներկայացվեն ՄԻԵԴ-ում, այնտեղ նրանք կընտրեն նրանցից մեկին:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուի վերաբերյալ մրցույթ է հայտարարվել եւ փաստաթղթերը ընդունվել են մինչեւ սեպտեմբերի 24-ը ժամը 18.00-ն: Մրցույթին մասնակցելու համար, լրատվամիջոցների տեղեկություններով, դիմել է փաստաբան Վահե Գրիգորյանը, միջազգայնագետ Արա Ղազարյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը եւ այլն:




























