Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Քաշաթաղի շրջան՝ տեղի տնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին ծանոթանալու եւ Լեռնահովիտ գյուղում մասնակցելու էլեկտրաֆիկացմանն ու դպրոցի վերաբացմանը նվիրված միջոցառմանը:
Վարչապետը սկզբում այցելել է Աղավնո գետի վրա գործող չորս փոքր ՀԷԿ-երի տեղամասեր, որտեղ ծանոթացել է դրանց գործունեությանն ու արտադրական պայմաններին: Նա իր խոսքում ընդգծել է, որ ՓՀԷԿ-երի կառուցման ռազմավարության շնորհիվ վերջին տարիներին աճել է Արցախի էներգետիկ անկախությունը՝ հնարավորություն տալով կյանքի կոչել արդյունաբերական խոշոր ծրագրեր: Կառավարության ղեկավարը նշել է՝ «մինչեւ նոր փոքր ՀԷԿ-երի կառուցումը միջինում արտադրվում էր տարեկան 90 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ապա այս տարի այդ ցուցանիշը կհասցնենք մինչեւ 220 մլն Կվտ/ժամի, իսկ արդեն 2015 թվականին՝ մինչեւ 300 մլն Կվտ/ժամի։ Էլեկտրաէներգիայի արտադրության 2018 թվականի մեր թիրախային ցուցանիշը տարեկան 500 մլն Կվտ/ժ-ն է։ Կանխատեսում ենք, որ 2018 թվականին էլեկտրաէներգիայի սպառումը տնտեսության զարգացման հաշվին չի գերազանցի 500 մլն Կվտ/ժ-ը։ Այսինքն՝ մենք մինչեւ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների մեծացումը պետք է հասցնենք ավարտել նախատեսվող փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ աշխարհում էներգակիրների թանկացում է սպասվում, եւ մենք, էներգետիկ անկախության շնորհիվ, հնարավորություն կունենանք խուսափել այդ թանկացումներից»։
Անդրադառնալով նոր ՀԷԿ-երի կառուցման նախագծերին՝ Ա. Հարությունյանը հավելել է՝ «Աղավնո գետի վրա կառուցված 4 հիդրոէլեկտրակայաններն արդեն աշխատում են, իսկ 5-րդը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ։ Առկա մեծ ներուժը հաշվի առնելով՝ առաջիկայում նախատեսում ենք Աղավնո գետի վրա կառուցել ավելի հզոր եւս 3 ՀԷԿ-եր: Հակարի գետի վրա սկսված է ժամում 6 մեգավատ հզորությամբ խոշոր ՀԷԿ-ի կառուցումը։ Ավելին, ծրագրում ենք այնտեղ ունենալ եւս 2-3 ՀԷԿ-եր։ Նմանատիպ ծրագրեր կան նաեւ Շահումյանի շրջանում, եւ, կարծում եմ, այս ամենը, էլեկտրամատակարարման օղակաձեւ համակարգի ստեղծման հետ մեկտեղ, հնարավորություն կտա 2018 թվականին հասնել վերը նշված թիրախային ցուցանիշին»։




























