Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին երկրից դուրս է եկել 250 հազար մարդ՝ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժին կորցրած քաղաքացիների տասնապատիկի չափով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին Հրազդանում կայացած եռյակի իրազեկման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

«Շտա բան կարելի է ասել երկրում ստեղծված իրավիճակի մասին, բայց ես կբերեմ ընդամենը երկու թիվ, որ հնարավոր չէ կեղծել։  Մեր փառապանծ նախագահի ժամանակ երկրից դուրս  է եկել 250 հազար մարդ։ Սա մեր բնակչության 10 տոկոսից ավելին է։ Սպիտակի երկրաշարժի ընթացքում Հայաստանը 25 հազար մարդ կորցրեց, Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին տասը երկրաշարժի կորուստ ունեցանք։ Բացի դրանից՝ 6 միլիարդ դոլարի գումար է դուրս եկել երկրից։ Այն գումարով, որը ժողովրդից են կողոպտում, տանում, իրենց վիլլաները սարքում, նույն գումարով Հայաստանը ծաղկուն երկիր կարող էին դարձնել»,- ասաց նա։

ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ առաջին անգամ հայերը Հայաստանից փախել են խաղաղության պայմաններում ներկայիս իշխանության օրոք. «Միայն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Եղեռնի հետեւանքով, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Հասկանալի է, որ երբ պատերազմում ես քեզնից երկու անգամ հզոր պետության հետ, երկիրը չի զարգանա, մարդիկ կգնան։  Բայց  հիմա  Հայաստռանից կրկին փախչում է ժողովուրդը, ի՞նչ է եղել, սրա բացատրությունը ունե՞ք։ Ժողովուրդը փախչում է մենաշնորհներից, թալանից, կրմինալից, ծախված դատարաններից»։

Զուրաբյանի խոսքով՝ եռյակի միասնությունը պատմական պահ է, որը պատմության անիվը շրջելու հնարավորություն է տալու ժողովրդին։

«7 տարի Կոնգրեսը մենակ պայքարեց, դրանից հետո «Ժառանգությունը» մենակ պայքարեց, իսկ հիմա վերջապես երկրի քաղաքական ուժերը միավորված են, ուրեմն եթե այդ պատմական պահը բաց թողնենք, ոչինչ չենք ունենալու մեր թոռների առաջ հպարտանալու»,- ավելացրեց պատգամավորը։