Հայաստանը պետք է ամեն բան անի Վրաստանի հետ ազատ տնտեսական գոտու ռեժիմը պահպանելու համար: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 26-ին, Հայաստանում ԵՄ-ի Ակումբի դասընթացի բացման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Փոխնախարարի խոսքով` Վրաստանը մեր երկրի տնտեսության համար հատուկ նշանակություն ունի, եւ վերջինիս ինտեգրումը ԵՄ-ին մեզ համար միայն դրական ազդեցություն կունենա:
Մելքոնյանը նշեց, որ Վրաստանի հետ ազատ տնտեսական ռեժիմի համար վտանգ չի տեսնում նաեւ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո:
Նա հիշեցրեց, որ ԵՏՄ մյուս մասնակիցները, այդ թվում Ռուսաստանը, նույնպես Վրաստանի հետ ազատ առեւտրի ռեժիմ ունեն: Նրա խոսքով՝ կարելի է ասել, որ պրակտիկորեն չկան հարցեր, որոնք խանգարում են Վրաստանի հետ համագործակցության զարգացմանը, եւ անկասկած, անհրաժեշտ է ակտիվացնել շփումները:



























