«Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերի համար ստացված ենթավարկերից Վերահսկիչ պալատը ստուգել է 11 ծրագիր, որից 9-ում հայտնաբերվել են ստացված ենթավարկերի ոչ նպատակային օգտագործման կամ կատարված ծախսերը փաստաթղթերով չհիմնավորելու դեպքեր, ինչն արձանագրվել էր նաեւ նախորդ վերահսկողության արդյունքում: Այս մասին, նշվել է այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ կատարած վերահսկողության արդյունքների քննարկման ժամանակ:

«Աջակցություն պտղի եւ ընկուզեղենի արտադրությանը» ծրագրի նպատակն էր աղքատ եւ փոքր սեփականատերերին ներգրավել հայկական մրգի եւ ընկուզեղենի արտադրության մեջ եւ մեծացնել նրանց ունեցվածքն ու եկամուտները: Ըստ Վերահսկիչ պալատի դիտարկումների՝ ծրագրի օգտակարությունն ակնհայտ է, ինչի արդյունավետ իրականացման դեպքում համապատասխան եկամուտներով կապահովվեն ինչպես «Հայկական միրգ» ընկերությունը, այնպես էլ ծրագրում ընդգրկված գյուղացիական տնտեսությունները` կրճատելով աղքատության մակարդակը եւ խթանելով հայկական մրգի ու ընկուզեղենի արտահանումը: Պատասխանատուների խոսքով՝ այս ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին եւ այն իրականացնում է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն: Ծրագրի բյուջեն կազմում է 13.5 մլն ԱՄՆ դոլար: Ակնկալվում էր իրականացնել շուրջ 700 հա ծիրանի, դեղձի եւ ընկուզեղենի այգիների հիմնում` 400-500 մանրածավալ, աղքատ գյուղացիական տնտեսությունների հետ: Սակայն Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում պարզվել է, որ բաղադրիչի իրականացման տեմպերը շատ ցածր են, պարբերաբար կրճատվում են համապատասխան տարիներին ստեղծվելիք այգիների տարածքները եւ փաստացի հիմնված այգիների տարածքը հեռու է նախատեսված ցուցանիշներից:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը Վերահսկիչ պալատը համարում է ռիսկային: Նա ընդգծել է, որ 2014 թ-ին եւ հաջորդ տարիներին այդ ծրագրերը լինելու են Վերահսկիչ պալատի վերահսկողության դաշտում:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» վարկային ծրագրի վերաբերյալ նշվել է, որ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող լոկալ ջրարբիացման ցանցերի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ 6 մարզի (Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք եւ Տավուշ) անասնապահական ուղղվածություն ունեցող լեռնային եւ սահմանամերձ 54 համայնքում: