Մայրաքաղաքում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները լուծելուն ավելի շատ գումար հատկացնելու` քաղաքապետարանին ուղղված կոչով մի խումբ քաղաքացիներ «Երևանը նաև մեր քաղաքն է» խորագրով ստորագրահավաք են սկսել: Ստորագրահավաքի նախաձեռնողներն այսօր` սեպտեմբերի 26-ին, Մաշտոցի պուրակում հերթական անգամ իրազեկեցին քաղաքացիներին` նրանց հորդորելով միանալ իրենց:

«Ստարագրահավաքի նպատակն է կոչ անել Երևանի քաղաքապետարանին ավելացնելու հաշմանդամների համար մատչելիության ապահովմանն ուղղված տարեկան գումարները: Նրանք կյանքին, քաղաքի անցուդարձին հետեւում են իրենց պատուհաններից արհեստական խոչընդոտների, ֆիզիկական արգելքների պատճառով, որոնց մեծ մասը հնարավոր է վերացնել, եթե իսկապես զգալի ներդրումներ արվեն: Եթե մենք ամեն տարի 10 ավտոբուս հարմարեցնենք, թեքահարթակներ կառուցենք, դա շատ քիչ է, որպիսի զգալի փոփոխության հասնենք», - NEWS.am-ի հետ զրույցում նշեց ստորագրահավաքի նախաձեռնող, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի»  անդամ Զարուհի Բաթոյանը` նշելով, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող 195 հազար մարդ կա, որոնցից 61 հազարն  ապրում է Երեւանում:

«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ մեկնարկած ակցիայի նախաձեռնողները որոշել են հավաքել 2796 ստորագրություն, որը հոկտեմբերի 9-ին կներկայացնեն Երեւանի քաղաքապետարան: «Այն սիմվոլիկ թիվ է, որը համընկնում է Էրեբունի-Երեւանի տարիքի հետ: Մենք ցանկանում ենք ցույց տալ քաղաքապետարանին, որ քաղաքացիները եւս միանում են մեզ, որ մատչելի Երեւանը ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդու կամ նրա ընտանիքի անդամների պահանջն է, այլեւ բոլորի, քանի որ այն քաղաքը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին»,-ասաց Զարուհի Բաթոյանը` նշելով, որ արդեն 2500 քաղաքացի մասնակցել է ստորագրահավաքին:

Ստորագրահավաքի համահեղինակի խոսքով` շրջապատի մատչելիությունը միայն թեքահարթակները չեն ապահովում. միջավայրը պետք է մատչելի լինի նաեւ տեսողության,  լսողության եւ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար: «Մատչելի միջավայրը շատ ավելին է, քան թեքահարթակը»,- նշեց նա: